Վերելակի հորն ընկած հայերից մեկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է


Վերելակի հորն ընկած հայերից մեկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է
Նոյեմբեր 9 23:30 2019

Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգում վերանորոգման աշխատանքներ կատարող երկու հայերի անունները, որոնք ընկել էին վերելակի հորը՝ տուժածներն են՝ Հայաստանի քաղաքացի 28-ամյա Արմեն Կ․-ն՝ Չարենցավանից, եւ Գրիգոր Ա․-ն՝ Հրազդանից, հայտնում է «Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության» կայքը։

Ինչպես նշում է աղբյուրը, բժիշկները նրանց ուղարկել են տարբեր հիվանդանոցներ, եւ սկզբում նրանք վերակենդանացման բաժանմունքում են եղել։

Նրանց հետ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 7-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի խմբի Facebook-յան էջում կոչ էր արվել այցելել տուժածներին։

Արմեն Կ․-ն շարունակում է մնալ Ջանելիձեի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր է, նա բժիշկների անընդհատ հսկողության տակ է։

Գրիգոր Ա․-ն Ալեքսանդրովյան հիվանդանոցում է։ Այսօր նրա մոտ եղել են մայրը, կինը եւ երկու երեխաները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սանտ Պետերբուրգում № 18 ծննդատան վերելակի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարանը կտրվել էր, եւ երկու հայ մասնագետները վերելակի հետ ընկել էին հորն ու բազմաթիվ վնասվածքներ ստացել։