Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան հիմնական դպրոցը վերանորոգվել և վերազինվել է նոր համակարգիչներով


Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան հիմնական դպրոցը վերանորոգվել և վերազինվել է նոր համակարգիչներով
Նոյեմբեր 9 15:17 2019

Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը վերազինվել է 32 նոր համակարգչով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համակարգիչներից բացի, դասասենյակները հագեցված են նաև համապատասխան գույքով` սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, անհրաժեշտ այլ պարագաներ: Լուսավոր ու ընդարձակ սենյակներում փոխված են պատուհանները, անցկացվել է ջեռուցման նոր համակարգ:

 

Դպրոցի այս հարկաբաժնի վերանորոգումն ու ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվել է բարեգործական հիմունքներով` «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

 

Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Վիրաբյանի խոսքով` 2019 թվականի փետրվարին, երբ մեկնարկել են սանհանգույցների վերանորոգման աշխատանքները, հիմնադրամի տնօրինությունը հանձն է առել ստուգել դպրոցի այդ մասնաշենքի սեյսմակայունությունը և առաջարկել այնտեղ ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասասենյակներ ստեղծել: «Փետրվարից սկսեցին նաև դասասենյակների շինարարական աշխատանքները: Նախկինում ունեինք մեկ-երկու հին համակարգիչ, որոնք, կարելի է ասել, այլևս չէին ծառայում նպատակին, իսկ այսօր դրանք 32-ն են»,-շեշտել է  Վիրաբյանը: 

 

Բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը նշել է, որ վերանորոգվելու և նոր համակարգիչներ են ունենալու Էջմիածնի ևս 12 դպրոց:

 

Կազմակերպիչները նպատակ ունեն հետագայում դասավանդման կամ պարզապես փորձի փոխանակման համար դպրոցներ հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հմուտ մասնագետների: Ասատրյանը շեշտել է, որ երեխաների զարգացվածության մակարդակի բարձրացումն իրենց համար առաջնահերթություն է: