Եգիպտոսում «պատանդ» մնացած հայ զույգի նորածնի վերադարձի վկայականի հարցը լուծվել է


Եգիպտոսում «պատանդ» մնացած հայ զույգի նորածնի վերադարձի վկայականի հարցը լուծվել է
Նոյեմբեր 9 11:25 2019

Վիճակախաղով տոմս շահելու հետևանքով Շարմ էլ Շեյխ հանգստի մեկնած հայ զույգի նորածին երեխայի ծննդյան վկայականի հարցը լուծվել է, դեսպանությունը երեխայի համար պատրաստել է վերադարձի վկայական: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց՝ նոյեմբերի 2-ին ՀՀ քաղաքացի Լիլիթ Առաքելյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ էլ Շեյխ քաղաք ժամանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վաղաժամ ծննդաբերել է։ Երեխայի հայրը կապ է հաստատել դեսպանության հետ նոյեմբերի 4-ին, որի արդյունքում դեսպանությունը ներկայացրել է նրան երեխայի անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը. «Դեսպանության ջանքերով հնարավոր է եղել շատ կարճ ժամկետում ստանալ ծննդյան վկայական, որի հիման վրա դեսպանությունը երեխայի համար պատրաստել է վերադարձի վկայական։ Քաղաքացիները դեսպանությանը տեղեկացրել են հիվանդանոցի անձնակազմի հետ օտար լեզվով հաղորդակցվելու, երեխայի ծնողի կորած անձնական իրերի, երեխայի դուրսգրման ժամկետի հետ կապված խնդիրների մասին: Նոյեմբերի 6-ին Եգիպտոսում ՀՀ հյուպատոսը ժամանել է Շարմ էլ Շեյխ, հանդիպել քաղաքացիներին, փոխանցել վերադարձի վկայականը, անցկացրել է հանդիպումներ տուր օպերատորի ներկայացուցչի, ինչպես նաև հիվանդանոցի բժշկական ու վարչական անձնակազմի հետ։ Արդյունքում լուծվել են վերոհիշյալ և մի շարք այլ խնդիրներ՝ կախված մասնավորապես հիվանդանոցի պահանջած ծախսերի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ դեսպանությունը պարբերական կապի մեջ է գտնվում քաղաքացիների հետ:

 
 

Նա փոխանցեց նաև, որ այս պահի դրությամբ երեխան ապահովված է համապատասխան բժշկական օգնությամբ, սննդով, հագուստով և այլն։