Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները․ Մաս 1

Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները․ Մաս 1
Նոյեմբեր 8 23:33 2019

Դիլիջան ազգային պարկի անտառային տարածքները վեց տասնյակից ավելի վարձակալներ ունեն։ Մի մասը չի օգտագործում, մյուս մասը՝ կառուցապատում է իրականացրել:

 

Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձը՝ անտառում կիսակառույց շինություն ունի

Դիլիջանի Պարզ լճի փողոցում՝ Մոնթե Մելքոնյան վարժարանի անմիջապես հարեւանությամբ 2013 թ-ին անտառային հող է վարձակալել Տիգրան Շահրամանյանը։ Հիշեցնենք, որ նորակառույց համալիրը պետք է ծառայեր ֆինասների նախարարության աշխատակիցներին, որպես ուսումնական կենտրոն, հետագայում այն փոխանցվեց ՊՆ-ին ռազմաուսումանկան կենտրոն դարձնելու նպատակով։ Ուսումնական համալիրը կառուցելու գաղափարն ու իրագործողը ֆինասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էր։ Եվ երբ շինարարություն ակտիվ փուլում էր Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապ ունեցող «Մեգաֆուդ» ընկերության Արտաքին կապերի բաժնի ղեկավար Տիգրան Շահրամանյանը դիմում է Դիլիջան ազգային պարկին և վարձակալում 0.47 հա տարածքը տարեկան 120 հազար դրամ վարձավճարով։

2016 թվականին Դիլիջան համայնքի ղեկավարը Շահրամանյանին է տրամադրում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու շինթույլտվություն։ Շինարարությունը պետք է ավարտվեր 2017 թ-ին, սակայն Գագիկ Խաչատրյանն 2016 թ-ին ազատվում է ֆինասների նախարարի պաշտոնից, իսկ շինարարությունը դադարում է։ Կիսակառույց շինությունն այնքան նման է կառուցված ուսմնական կենտրոնին, որ առաջին հայացքից թվում է, թե կենտրոնի շարունակությունն է, սակայն իրականում կիսակառույցը Տիգրան Շահրամանյանի վարձակալած հողակտորում է։

 

 

Տիգրան Շահրամանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ պետք է կառուցվեր իր վարձակալած տարածքում և ինչու այն չի կառուցվել։ Մեզ հետ զրույցում Տիգրան Շահրամանյանը ոչ մի հստակ պատասխան չտվեց։ Տպավորություն ունեցանք, որ նա տեղյակ էլ չէր այդ ամենից։ «Որ անկեղծ ասեմ՝ պայմանագրային մասերը, քանի որ ես իրավաբանորեն այդքան լավ չեմ տիրապետում, անձամբ ես չեմ կնքել պայմանագիրը, այսիքն՝ ես կնքել եմ, բայց ես չեմ պատրաստել, ու ճիշտը որ ասեմ՝ հիմա չեմ հիշի պայմանագիրը, որովհետև դա վաղուց էր»,- արձագանքեց Տիգրան Շահրամանյանը։ Մեր դիտարկմանը, թե մենք պայմանագրային ճշմարտությունների կամ դրա բովանդակության մասին չենք հարցնում, այլ ընդամենը ուզում ենք իմանալ՝ ինչ էր նախատեսում կառուցել և ինչու չի կառուցվել, արձագանքեց․ «Ինչը որ կառուցվում է, կառուցվում է պայմանագրին համապատասխան, դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, և չեմ կարծում, որ ես պարտավոր եմ էդ հարցին պատասխանեմ։ Ինչը որ արվում է, դա արվում է օրենքի սահմաններում»։

Մեր դիտարկմանը, թե պետական անտառները վարձակալությունը չի կարող կոնֆիդենցիալ ինֆորմացիա լինել, Տիգրան Շահրամանյանն այսպես արձագանքեց․ «Իսկ խի՞ չեք հարցնում՝ ես մի հատ մեքենա ունեմ գառաժում, ինչու չեմ օգտագործում»։ 

Երբ բացատրեցինք իր անձնական գույքի և պետական սեփականության անտառների տարբերությունները, Տիգրան Շահրամանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ չի վստահում տեղական ԶԼՄ-ներին, որովհետև չի ուզում, որ իր ասածն այլ կերպ վերարտադրվի։    

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ից պարզեցինք, որ Տիգրան Շահրամանյանի տարածքի համար ՇՄԱԳ չի իրակաանցվել։

 

 

ԱԺ նակին պատգամավորի վարձակալած հողակատորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի տարբեր տարածքներցի 3 հողակտորներ է վարձակալել։ Դրանցից մեկը գտնվում է Պարզ լճի փողոցում՝ Հիդրոպոնիկայի ինստիտուտին պատկանած կայանի հարևանությամբ։ Տարածքը զբաղեցնում է 0.38 հա մակերես, որի դիմաց Ալեքսան Պետրոսյանը վճարում է 57 հազար դրամ։ 2007-ից մինչև 2060 թվականը վարձակալած տարածքում նախկին պատգամավորը որևէ բան չի կառուցել, չի ցանկապատել և փաստացի չի օգտագործում։

Հիդրոպանիկայի ինստիտուտի նույն կայանի ներքևում Դիլիջան ազգային պարկից ևս մեկ վարձակալված տարածք կա։ 2015-ից մինչև 2075 թվականը Լուսիկ Ղազարյանը վարձակալել է 0.5 հա հողակտոր, որի դիմաց վճարում է տարեկան 100 հազար դրամ վարձավճար։

 

 

«Օպելա» ՍՊԸ-ն՝ Պարզ լճի ափին

Դիլիջանից 9 կմ բարձրացող ոլորանները հասցնում են դեպի բնության հուշարձաններից մեկը՝ Պարզ լիճը։ Սողանքաարգելափակոցային ծագում ունեցող լիճը շրջապատված է անտառով և դարձել է տուրիստական հայտնի վայր։ Այն մտնում է «Դիլիջան» ազգային պարկի կազմի մեջ։ 

2006 թվականից սկսվել է լճի «շրջափակումն» ու դեպի լիճ տանող ճանապարհի անտառային տարածքների նկատմամբ հետաքրքրությունը։ Նախ՝ վարձակալության է հանձնվել Պարզ լլճի տարածքը, այնուհետև՝ ճանապարհի անտառները։

2006թ․ հուլիսի 4-ին «Օպելա» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «Դիլիջան» ազգային պարկի հետ և 3,7 հա անտառային տարածք վարձակալել 25 տարի ժամկետով։ Դրա դիմաց ընկերությունը տարեկան վճարում է 674 հազար դրամ։

2012թ․-ին ընկերությունը Բնապահպանության նախարարություն է ներկայացրել ռեստորանի և քոթեջների կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը, որտեղ նշվում է, որ Պարզ լճի ափին նախատեսում է կազմակերպել ռեստորանային համալիր, որը կազմված կլինի ռեստորանային շինությունից և 4 հատ քոթեջներից: Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքեպատարանի կողմից 18.08.2009թ. տրվել է շինթույլտվություն։ Սակայն, ըստ ՇՄԱԳ նախագծի, բոլոր շինությունները իրակաացվելու էին ժամանակավոր կառույցներով: Ավելին, շինարարությանը վերաբերող հատվածում հստակ նշվել է հետևյալը․ «Ռեստորանային շինությունը և քոթեջները նախատեսված են թեթև, հավաքովի կոնստրուկցիաներով, առանց հիմքերի, ինչը թույլ կտա խուսափել հողային աշխատանքներից և համապատասխանաբար շինարարության ընթացքում չեն կիրառվի այնպիսի շինարարական տեխնիկական միջոցներ, ինչպիսին են բուլդոզերը, էքսկավատորը և այլն»

Ռեստորանային շինությունը և երկու տնակները քարե և բետոնե կոնստրուկցիաներ են պարունակում։ Սակայն դրա սեփականատերը վստահեցնում է, որ դրանք շարժական են և յուրաքանչյուր պահի կարող են վերևից վերամբարձ կռունկով վերցնել, տեղափոխել մեկ այլ վայր։ 

«Օպելա» ՍՊԸ-ն էլ հանրությանը հայտնի օֆշորային գործի (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Փայլակ Հայրապետյանի) հերոսներից մեկի՝ Փայլակ Հայրապետյանի որդունն է։ Ավելի ստույգ՝ Հայրապետ Հայրապետյանն ու նրա գործընկեր Արմեն Քեհեյանը հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասը։ Բայց հատկանշականն այն է, որ Հայրապետ Հայրապետյանն այս տարվա ապրիլին է բաժնետեր դարձել ընկերությունում։ Մինչ այդ, նրա բաժնեմասը պատկանել է Նաիրա Սահակյանցին, ով Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական եղած, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի կինն է։ Ռեժիսոր, սցենարիստ Ռոբերտ Սահակյանցի դուստրն է։ Նաիրա Սահակյանցը «Շարմ Հոլդինգի» պատրաստած «Անահիտ» անիմացիոն մուլտֆիլմի սցենարիստն է։

Ալեքսան Հարությունը վերջին զբաղեցրած՝  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 18-ին։  

Ընդ որում, Նաիրա Սահակյանցն ու Հայրապետ Հայրապետյանը միասին են կիսել բաժնետոմսերը 2007-2017 թվականներին, սակայն 2017-ին Հայրապետյանն իր բանեմասը փոխանցել է ներկայիս բանժետիրոջը և դուրս եկել մասնակիցների ցանկից, իսկ 2019թ-ին՝ կրկին մտել է, արդեն Նաիրա Սահկյանցին պատկանող բաժնեմասը վերցնելով։

Հայրապետ Հայրապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Պարզ լճի բիզնեսը միայն իրենն է, և իր գործընկերը ոչ թե Ալեքսան Հարությունյանն է եղել, այլ Սահակյանցը, ում հետ բարեկամական կապեր ունեն։ Այժմ էլ ամերիկահայ իր գործընկերն է որպես բաժնետեր ներգրավված, բայց նրա մասնակցությունը ևս սիմվոլիկ է, քանի որ նա տարբեր դրամաշնորհային ծրագրերի համար էր ներգրավվել, որոնք չեն իրականացել։ 

Ինչ վերաբերում է Պարզ լճի տարածքին, ապա վերցնելուց հետո իրենք դա բարեկարգել են, մաքրել են լիճը, պատնեշ են ամրացրել, որպեսզի այն չհոսի, քանի որ տարածքը սողանքային է։ «Դրա վրա գիտեք ինչքան ենք չարչարվել, ձեռքերս կոշտուկներով են պատվել, առավոտիկ իրիկուն մաքրել ենք»,- ասում է Հայրապետ Հայրապետյանը։ Ամենադժվարը, ըստ գործարարի, տարածքում աշխատանքներ կատարելն է, քանի որ ազգային պարկը թույլ չի տալիս ծանր տեխնիկա մտցնել, գործողություններ իրականացնել, ինչը բարդացնում է մաքրման ու բարեկարգման աշխատանքները։ 

Այս տարի նաև Պարզ լիճ տանող ճանապարհը հարթեցրել են, որից հետո սկնհայտորեն զգացել են զբոսաշրջիկների հոսքի ավելացում՝ շուրջ 20-30 տոկոսով։ Տարածքը շարունակվելու է բարեկարգվել։ 

«Այս տարի վատ չէր ճանապարհը վերանորոգելու հաշվին, մարդկային հոսքը շատացավ։ Բայց հիմա նոյմեբերից-մայիս՝ 7 ամիս, հոսք չկա, իրեն չարդարացնող է։ Բայց իրականում տեսել եք՝ ինչ էր Պարզ լիճը, ճահիճ էր։ Պետությունը պարտավորություն ուներ լիճը մաքրեր, ծառը կոտրվում էր, չէին մաքրել։ Փոխարենն ուրիշ բան էին արել՝ ծառը կտրել են, ջուրը բարձրացրել են, որ ծառը մնա տակը։ 1,5 մետր իր նորմայից լիճը բարձր էր, ճնշման պատճառով բարձվածք էր տվել։ Մենք կայանատեղի հատվածում փակեցինք, 70 սմ իջեցրինք »,- ասում է Հայրապետ Հայրապետյանը։

 

 

Մասնավոր առանձնատներ՝ Դիլիջանի ազգային պարկի անտառում

Դիլիջան քաղաքի պարզ լճի փողոցում՝ Հիդրոպոնիկայի ինստիտուտին պատկանած տարածի մոտ 1.5 հեկտար անտառային հող վարձակալել և քարե առանձնատներ են սարքել։ ԴԻլիջան ազգային պարկի տարածքից հողեր են վարձակալել Համլետ Պապոյանը, Արտյոմ Տիգրանյանը, Քերոբ Սարկիսյանը, Վահե Գևորգյանը, Արտաշես Գաբրիելյանը, Կարեն Սաֆյանը և Աիդա Ասլանյանը։ Վարձակալները չնչին վարձավճար են վճարում ազգային պարկին։ Օրինակ՝ Վահե Գևորգյանն ու Քերոբ Սարկիսյանը 475 քմ անտառային հողակտորների համար վճարում են տարեկան ընդամենը 8 հազար 400 դրամ գումար։ Արտյոմ Տիգրանյանը 0.33 հա-ի համար վճարում է 58 հազար դրամ տարեկան վարձավճար։

Վերը նշված վարձակալներից Արտյոմ Տիգրանյանը երգչուհի Ալլա Լևոնյանի ամուսնու՝ Սեյրան Տիգրանյանի եղբայրն է։ Համլետ Պապոյանն էլ «Սիրուն Դայմնդս» ՍՊԸ-ի հետ հիմնադրել է «Սիրուն Ինվեստմենտս» ՍՊԸ-ն։ «Սիրուն Դայմնդս» ՍՊԸ-ն ստեղծել է Վարդան Տողանյանը, որը 2017 թվականից ՌԴ-ում ՀՀ դեսպանն է: Նրա անունը կա «Պանամայի փաստաթղթերում»։ 

Արտյոմ Տիգրանյանը և մյուսները միառժամանակ՝ 2007 թ-ից մինչև 2060 թ-նն են վարձակալել անտառային հողը։ 2013 թ-ին Արտյոմ Տիգրանյանը դիմել է բնապահպանության նախարարություն և ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական գնահատական տարածքում քոթեջներ կառուցելու համար։ ՇՄԱԳ-ի եզրակացության մեջ ներկայացված են կառուցվելիք թվով 4 քոթեջները։ Կառուցապատման համար նաև հանրային լսումներ են կազմակերպվել, սակայն ազդարարվել է դրա մասին լսումներից մեկ օր առաջ։ Դիլիջանի քաղաքապետի տրամադրած շինթույլտվության և հետագայում շինարարության ավարտական ակտով արձանագրվել է, որ տարածքը կառուցապատված է թվով 4 քոթեջներով, պահակատան 1 շենքով, ջրի ռեզերվուարով, տեղադրվել է շարժական տրանսֆորմատորային ենթակայան, կառուցվել է ստորգետնյա սեպտիկ հոր։

Տարածքը ցանկապատված էր, իսկ պահակը մեզ չթույլատրեց ներս մտնել։ Ասաց՝ մասնավոր տարածք է, և յուրաքանչյուր քոթեջի տերն առանձին անհատ է, բայց «մի թաղի տղերք են»։ Միմիայն նրանք են գալիս այդտեղ հանգստանալու։ Օտարների մուտքն արգելված է։'

Hetq.am

loading...