Վարչապետը ներկա է գտնվել Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը


Վարչապետը ներկա է գտնվել Միջուկային բժշկության եվրոպական  կենտրոնի բացման արարողությանը
Նոյեմբեր 8 17:09 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝  Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ  կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: 

 

Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: 

 

***

Կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով,  այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով (SPECT), որը  աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել  ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով:

 

 Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված  միջուկային ֆիզիկներ:

 

Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն: