Երևանում թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները


Երևանում թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի և ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները
Նոյեմբեր 8 15:05 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած գողությունների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ: Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն: 

 



loading...