Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով


Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով
Նոյեմբեր 7 19:46 2019

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Հարգելի քաղաքացիներ, 

Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

  • հղիներ,

  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,

  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

  • մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,

  • 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք, 

  • տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,

  • փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,

  • հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:

Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: 

 

Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է:



loading...