Չեխիայի դեսպանը չօգտագործված ներուժ է տեսնում հայ-չեխական հարաբերություններում


Չեխիայի դեսպանը չօգտագործված ներուժ է տեսնում հայ-չեխական հարաբերություններում
Նոյեմբեր 7 17:24 2019

 Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին չօգտագործված ներուժ է տեսնում հայ-չեխական հարաբերություններում:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանն ասաց նոյեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

 

«Կա չօգտագործված ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտի համագործակցության մեջ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ մտածում են, որ կարելի է ավելին անել հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար, որը դեռ այնքան էլ մեծ չէ, չնայած նրան, որ պարբերաբար աճում է»,- ասաց դեսպանը:

 

1992թ. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև, իսկ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993թ.-ին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ: 2014 թվականից գործում է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերին Երևանում, երկրորդ նիստը՝ 2016թ. ապրիլին Պրահայում, երրորդը՝ 2017թ. սեպտեմբերին Երևանում և չորրորդը՝ 2018թ. դեկտեմբերին Պրահայում: