Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ դեպքով հարուցել է քրեական գործ


Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ դեպքով հարուցել է քրեական գործ
Նոյեմբեր 7 17:03 2019

Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ  միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

 

 

«Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

 

Հիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորի մասնակցությամբ միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 26-ին. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած ճանապարհ է խնդրել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն նա դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա: Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին էր ներկայացել 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։ Դեպքից մեկ օր անց՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարությամբ հանդես եկավ Բարձրագույն դատական խորհուրդը՝ մասնավորապես նշելով. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»։