Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ղեկավարներին կոչ է անում «տեր կանգնել» կուսակցությանը


Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ղեկավարներին կոչ է անում «տեր կանգնել» կուսակցությանը
Նոյեմբեր 7 15:20 2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, կոչ արեց «տեր կանգնել» իրենց կուսակցությանը: «Որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

 

«Նրանք առիթ ունեցել են մի քանի անգամ «նախագահ, մի զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը շատ հաճախ ձախողվել է: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր: Նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, երկրորդ՝ փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությունը ու շարունակում են տապալել: Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում, հանրության արձագանքն էլ նրանց գործողություններին տեսնում ենք»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ գործուղումների ժամանակ արտերկրում հանդիպում է հայկական կառույցների, այդ թվում՝ դաշնակցական կառույցների ներկայացուցիչների հետ: «Ես տեսնում եմ, որ այնտեղ մեր դաշնակցական գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում»,- նկատեց Հարությունյանը:

 

Հարցին, թե կարծում է, որ տեղի դաշնակցական ղեկավարները կապված են նախկին իշխանությունների հետ ու փորձում են արհեստական խնդիրնե՞ր հարուցել, նախարարը դրական պատասխան տվեց: «Ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետև բազմաթիվ անգամ տապալել են այս ոլորտի համակարգումը: Ճիշտն ասած՝ որոշել եմ այն արկղերը, որ բերել են, լցնել տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց: Այդ գործերը դատախազությունը, քննչական մարմինները բազմաթիվ անգամ ներկայացրել են: Մենք խնդրել ենք այդ մարմիններին տրամադրել այդ գործերի ցանկերը, ու այդ արկղերը նրանք հետ կստանան այդ գործերով: Ես դա արել եմ այն ժամանակ, երբ իրենք հանկարծ սկսեցին ոլորտի խնդիրների մասին խոսել: Եթե տեսել եք, ես 1,5 տարվա ընթացքում որևէ անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա ինձնից որոշ չափով ժամանակ է տանում, բայց խորամուխ կլինեմ դրանում»,- ասաց նա:

 

Նոյեմբերի 7-ին կառավարության շենքի առաջ ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախորդ օրը նրանք արկղեր էին տարել, որ «Արայիկ Հարությունյանն անձնական իրերը լցնի դրանց մեջ և հեռանա»: