Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի Իզերի մարզի գործընկերների հետ


Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի Իզերի մարզի գործընկերների հետ
Նոյեմբեր 7 15:00 2019

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու եւ նոր հուշագիր ստորագրելու նպատակով նոյեմբերի 5-8-ը Իզերի Դեպարտամենտալ խորհրդի հրավերով Գրենոբլ է մեկնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 6-ին պատվիրակության ներկայացուցիչները հյուրընկալվել են «ԱՖՐԱՏ» տուրիստական ընկերությունում, որտեղ կազմակերպության տնօրենը և ներկայացուցիչները խոսել են «ԱՖՐԱՏ»-ի առաքելությունների, քայլարշավային երթուղիների, բնապահպանական տուրիստական գործունեության,Վերկորի բնական մարզային պարկի դերի մասին: Այնուհետ կազմակերպվել է քայլարշավ ու մտքերի փոխանակում տուրիստական ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Կուվի հյուրատանը, որտեղ քննարկվել են տուրիզմի ոլորտին առնչվող մի շարք թեմաներ:

Այցելության վերջին կանգառը եղել է Վերկորում՝ Օտրան եւ  Մեոդր համայնքների տուրիստական գրասենյակներում: Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են  «IRAPA» տուրիստական հարթակի հանձնախմբի ժողովին, համատեղ քննարկել  տուրիզմի ոլորտում  կողմերի միջեւ իրականացված  եւ նախատեսվող անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Վիենի եւ Գրենոբլի քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ,  Սեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներ՝ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ:

 Նույն օրը Գեղարքունիքի  մարզի պատվիրակության անդամները հանդիպում  են ունեցել   ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականին իրականացվող ծրագրին, խոսել 2020 թվականի ծրագրային  հեռանկարների մասին:

Օրն ավարտվել է եւս մեկ հանդիպմամբ, որը կայացել է  «Հայաստան. փոխանակում եւ աջակցություն» ասոցիացիայի  ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփվել  են 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրերը, 2020 թվականի ծրագրային հեռանկարները, խոսվել է ասոցիացիայի կողմից Իզերում հայկական մշակույթի առաջխաղացմանը նպաստող միջոցառումների մասին: Իսկ երեկոյան  նախատեսվում է միջոցառում Գրենոբլի եւ Դոֆինեի հայ մշակույթի տանը, Իզերում գործող եւ հայկական սփյուռքը ներկայացնող ասոցիացիաների մասնակցությամբ: Այդ ընթացքում կներկայացվեն նաեւ Իզեր - Գեղարքունիք եւ Սեւան-Գրենոբլ համագործակցությունների տուրիստական  օպերատորների կողմից իրականացվող ծրագրերը:

Խոսրով Խլղաթյան



loading...