ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը


ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը
Նոյեմբեր 7 14:04 2019

Քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

 «Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Ինչ վերաբերվում է Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասաց Հարությունյանը:

 

 

Մամուլում լուր էր տարածվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակումների` Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին: Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով: