Հայկական գինին և կոնյակը ներկայացված են China International Import Expo 2019 ցուցահանդեսում

Հայկական գինին և կոնյակը ներկայացված են China International Import Expo 2019 ցուցահանդեսում
Նոյեմբեր 7 13:40 2019

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը  նոյեմբերի 5-10-ը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ 

 

Ինչպես  հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:

 

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար», - նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

 

Տեղեկացնենք, որ CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170  երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։ 

loading...