Կնոջ իրական գեղեցկությունը. արդյոք դու գեղեցի՞կ ես


Կնոջ իրական գեղեցկությունը. արդյոք դու գեղեցի՞կ ես
Նոյեմբեր 7 01:01 2019

Կանացի գեղեցկության խնդիրը կա և մնում է ակտուալ մինչ օրս: Մարդկության բազմադարյա պատմության մեջ գեղեցկության չափանիշները փոխվել են անթիվ անգամներ, իսկ նոր սերունդները, ելնելով նոր թափ հավաքող «առաջընթաց» հասկացությունից, ստիպում են նորովի նայել այն ամենին, ինչը կապված է գեղեցկության, վարքի ու կնոջ կյանքի հետ:
Այս աշխարհը մեզ վրա բարդում է գեղեցկության մասին իր չափանիշները, որոնք, ինքնին, սուբյեկտիվ ու շատ փոփոխական մի բան են: Պատահե՞լ է, երբ քեզ մի իր դուր է եկել, իսկ ընկերուհիդ պնդել է, որ դրանում ոչ մի հետաքրքիր բան չկա: Դուք տարբեր եք, այդ պատճառով էլ յուրաքանչյուրդ իր տեսանկյունից է նայում շրջապատող աշխարհին ու այն ամենին, ինչ կա նրանում: Նույնը գեղեցկությանն է վերաբերում… Այն, ինչ որոշներին թվում է սարսափելի, մյուսները գլուխգործոց են համարում:
Կան աղջիկներ, ովքեր իրենց անարժան են համարում գեղեցկուհի կոչվելու: Գուցե պատանի տարիքում նրանք կարիք են ունեցել լսելու հաճելի խոսքեր իրենց արտաքինի մասին, սակայն լսել են ոչ հաճելի արտահայտություններ: Եվ հիմա, լինելով հասուն գեղեցկատես աղջիկներ, նրանք, միևնույնն է, չեն կարողանում ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին արարել է Աստված, և ամեն անգամ նայելով հայելու մեջ՝ լսում են անցյալից դեռ կանչող ձայները, թե այնքան էլ գեղեցիկ չեն:
Միլիոնավոր աղջիկներ ողջ աշխարհում դժբախտ կյանքով են ապրում՝ իրենք իրենց հասցնելով հյուծվելու աստիճանի, ատում են իրենց մարմինները մի քանիսի սուտ խոսքերի պատճառով: Ինչո՞ւ է դա կործանում նրանց կյանքը, եթե գեղեցկությունը պարզապես արտաքինը չէ միայն:
Աստվածաշնչում գրված է, որ ամեն մարդ հրաշալիորեն է արարված: Մարդն Աստծո արարչագործության պսակն է: Նա պարզապես չստեղծեց հերթական մարդ-արարածին, այլ Նա աշխատանք թափեց ու արարեց քեզ: Նայիր քո աչքերին, քթին, մազերին, մարմնին՝ այդ ամենի հեղինակն Աստված է: Հենց Նա է մտածել՝ փոսիկներ դնել քո այտերին, քո աչքերին ինքնտիպ բացվածք տալ ու հենց այդ գույնը շնորհել: Դու Նրա գլուխգործոցն ես: Դու պարզապես կրկնօրինակ ու նմանակ չես, այլ դու յուրահատուկ ես:
Մարդը Աստծո արարչագործության ու Նրա անսահման սիրո պսակն է: Ամենակարևորը, ինչ կա երկրի վրա՝ մարդն է: Հայրը ցանկանում է, որ մենք ոչ թե պարզապես անցկացնենք մեր օրերը, այլ վայելենք մեր ապրած ամեն մի պահը: Նախևառաջ իմացիր Աստծո՛ կարծիքը քո մասին, այդ կարծիքն ամենակարևորն է: Եվ այդ նույն Աստված ցանկանում է, որ դու սիրես ու հարգես ինքդ քեզ: Աստված քո մեջ դրել է արժանապատվություն, որն աշխարհը հավակնում է խլել: Թույլ մի՛ տուր այն խլել քեզնից: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:
Արժանապատվությունը սերտորեն կապ ունի ներքին գեղեցկության հետ ու դրսևորվում է կնոջ՝ իր և իրեն շրջապատողների հանդեպ վերաբերմունքի մեջ: Եթե մինչ այս պահը դու կորցրել ես քո արժանապատվությունը, ապա միայն Աստված կարող է այն վերականգնել: Հիշի՛ր, դու Արքայի դուստրն ես:
Աստծո սերը մեր հանդեպ անսահման է, միայն Նա գիտի դեպի քո սիրտը տանող ճանապարհը: Վստահի՛ր Նրան, հիշիր՝ միայն Աստծո հետ կարող ես իրապես ծաղկել ու դառնալ գեղեցիկ վարդ՝ քո Արարչի այգում:
Արքայի՛ դուստր, դու գեղեցիկ ես: Դու յուրահատուկ ես: Աստված ստեղծել է քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու պետք ես Իրեն: Այս աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա՝ առանց քո պայծառ ժպիտի ու փայլող աչքերի: Փայլի՛ր, թանկագի՛նս: