Առայժմ կաշխատի. Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» փակ նիստում խոսել է Վազգեն Մանուկյանի մասին


Առայժմ կաշխատի. Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» փակ նիստում խոսել է Վազգեն Մանուկյանի մասին
Նոյեմբեր 5 23:58 2019

Նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի պաշտոնանկության հարցը: ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց վարչապետի դիրքորոշումը: Սակայն, հաստատեց, որ հարցերին անդրադարձ եղել է: 

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանի անդրադառնալու առիթը եղել է պատգամավորներից մեկի հարցը: Վերջինս հետաքրրքվել է, թե ինչ կարծիք ունի վարչապետը խնդիր վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով՝ նախ լսել է պատգամավորներին: Ոչ բոլորն են կարծիք հայտնել, խոսացողներն էլ նշել են, որ Հանրային խորհրդի նախագահը չի արտացոլում հանրության կարծիքը, եւ, որ Վազգեն Մանուկյանը իր անձնական կարծիքն է ներկայացնում:

Սակայն, ամենաուշագրավը եղել է Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վազգեն Մանուկյանը իր կարծիքն է հայտնում, որը իր իրավունք է, ինչպես նաեւ նշել է, որ թող առայժմ շարունակի աշխատել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեզ հետ զրույցում չհերքեցին, որ վարչապետը դիրքորոշում է հայտնել, բայց հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել: Մասնավորապես, Լուսինե Բադալյանն ասա, որ իրավասու չէ վարչապետի դիրքորոշումը հանրայնացնել: 

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն անցած շաբաթ Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել էր  Փաշինյանին՝ պնդելով, թե Հանրային խորհրդի նախագահը քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններ է անում:

Ինքը՝ Վազգեն Մանուկյանը, օրեր առաջ հայտարարել էր՝ պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում:



loading...