Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ 2 քաղաքացի հայտնվել է վերակենդանացման բաժնում


Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ 2 քաղաքացի հայտնվել  է վերակենդանացման բաժնում
Նոյեմբեր 5 19:46 2019

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը նոյեմբերի 4-ին անցկացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ պոկվել է վերելակի ճոպանը, ինչի հետևանքով աշխատողներից երկուսն ընկել են:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի՝ Սանկտ Պետերբուրգի գծով վարչության մամլո ծառայությանը, շինարարական և վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքների իրականացման ժամանակ պոկվել է ճոպանը, որից հետո վերելակի խցիկը, որտեղ 2 աշխատակից է եղել, ընկել է ցած, ինչի հետևանքով ծանր վնաս է հասցվել վերջինների առողջությանը:

Հաղորդվում է, որ երկու տուժածները Հայաստանի քաղաքացիներ են, որոնցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:

 ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: