ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը


ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Նոյեմբեր 5 16:00 2019

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը:

 

Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին:

 

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս Պավլոպուլոսը Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:



loading...