Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին


Պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատել Ռոբերտ Քոչարյանին
Նոյեմբեր 5 15:32 2019

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 5-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին:

 

Միջնորդությանը առարկեցին մեղադրանքի կողմը և տուժողների ներկայացուցիչները:

 

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

 

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: