Վրաերթի են ենթարկել Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման 2 աշխատակցի և դիմել փախուստի. մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց

Վրաերթի են ենթարկել Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման 2 աշխատակցի և դիմել փախուստի. մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց
Նոյեմբեր 4 16:56 2019

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Ազգաշյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:

loading...