Կասկադյորական ավտովթար Երևանում


Կասկադյորական ավտովթար Երևանում
Նոյեմբեր 4 11:49 2019

Այսօր՝ նոյեմբերի 4-ին,կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: