Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. մայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավոր


Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. մայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավոր
Նոյեմբեր 2 17:40 2019

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ոսկեհատ-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 MP 055 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AV 770 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աստղիկ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի և ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը: Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում ՃՈ ավագ հետաքննիչ Գ. Եղիազարյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից ՝ 49-ամյա Կարեն Հակոբյանն ու 69-ամյա Արևհատ Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել են, ինչից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Մհերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ Կ. Հակոբյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: