Չեմ ցանկանում արդարացնել արարքս. Էրիկ Վարդանյանը` աղմկահարույց միջադեպի մասին


Չեմ ցանկանում արդարացնել արարքս. Էրիկ Վարդանյանը` աղմկահարույց միջադեպի մասին
Նոյեմբեր 2 13:09 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն անդրադարձել է «Արարատ»-ի դեմ աղմկահարույց խաղին:

 

«Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։

 

Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը: Հարգում եմ «Արարատի» պաշոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։

 

Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

 

Նախօրեին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում էր ընդունել ֆուտբոլիստին որակազրկել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը` 6 ամսով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին: