Այս պահին ձվի շուկայում գնաճ չկա. Սուրբ Զատիկի տոնից առաջ ՏՄՊՊՀ-ն անցնում է ամենօրյա դիտանցումների


Այս պահին ձվի շուկայում գնաճ չկա. Սուրբ Զատիկի տոնից առաջ ՏՄՊՊՀ-ն անցնում է ամենօրյա դիտանցումների
Ապրիլ 7 15:38 2017

Սուրբ Զատիկի տոնից առաջ ՀՀ ՏՆտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի շուկայում շաբաթական երեք անգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների:

Այս առնչությամբ, ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկին նախորդող ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է ձվի պահանջարկը, ինչով էլ պայմանավորված շուկայում կարող են արձանագրվել որոշակի չարաշահումներ:

Այդ իսկ պատճառով, ՀՀ ՏՆտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մինչ այս կատարվող շաբաթական երեք անգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների:

ՏՄՊՊՀ մասնագետները մայրաքաղաքի խոշոր առեւտրի կետերում իրականացնում են դիտանցումներ, նախ՝ բարեխիղճ տնտեսվարողների, ապա նաեւ սպառողների շահը պաշտպանելու նպատակով: Հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է առնում վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողների վարքագիծը՝ իրականացնելով վերոնշյալ շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից կիրառվող քաղաքականության ուսումնասիրություն:

Ձվի շուկան դասվում է սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող շուկաների թվին եւ այս շուկայում առկա են նաեւ խոշոր տնտեսվարող սուբյեկտներ։ Եվ այսպես. Հանձնաժողովի կողմից այս շուկայում իրականացված վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն, շուկայում գործունեություն են իրականացնում թվով 18 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից արտադրության եւ իրացման առավել խոշոր ծավալներ ունեն թվով 4-ը՝ «Արաքս», «Արզնի», «Լուսակերտ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունները։ Նշված տնտեսվարողներին բաժին է ընկնում արդյունաբերական եղանակով արտադրված ձվի իրացման ավելի քան շուրջ 87%-ը։

Խոշոր առեւտրային ցանցերում ամենօրյա կտրվածքով իրականացվող դիտանցումների արդյունքները ցույց են տալիս, որ 2017 թվականի ապրլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ձվի իրացման գները մարտի նկատմամբ գրեթե չեն փոխվել։ Մարտին ձվի միջին իրացման գինը կազմել է 59 դրամ, իսկ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում 59-60 դրամ։

Համեմատության համար նշենք նաեւ, որ նույն պատկերն է արձանագրվել 2016 թվականին՝ մարտ-ապրիլին ձվի իրացման միջին գինը կազմել է 60 դրամ, ինչը շուրջ 8 դրամով ցածր է եղել 2015 թվականի նույն ժամանակահատվածի տվյալից։