Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ. Իգնատի Առաքելյան


Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ. Իգնատի Առաքելյան
Ապրիլ 5 17:21 2017

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այս մասին, այսօր՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող եւ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին եւ կոոպերատիվներին, ինչպես նաեւ օժանդակել օրենսդրական բարեփոխումներին, տեղական շուկայի զարգացմանը ու արտահանման ծավալների ավելացմանը :

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Տեսնելով այն աշխատանքը, որը դուք կատարում եք փոքր ու միջին օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել մեկ այլ, ավելի հավակնոտ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք գտնել օրգանական արտադրանքի իրացման համար շուկա եւ ապահովել ծավալ, ապա կարող ենք միասին ծրագիր մշակել` ներգրավելով տեղական մասնավոր եւ եվրոպական ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաեւ պետության աջակցություն կամ սուբսիդավորում իրականացնել»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաեւ ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը ծրագրի մշակման նպատակով սեղմ ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել համատեղմիջոցառումների ժամանակացույց:

Հանդիպման ընթացքում ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուկենհուբերն արձանագրել է ծրագրի առաջին փուլի հաջող իրականացումը, որի արդյունքում այժմ 46 ֆերմեր եւ արտադրող անցում են կատարում դեպի օրգանական գյուղատնտեսություն: Ծրագրի երկրորդ փուլի աշխատանքն ուղղված կլինի այդ օրգանական արտադրանքի հաջող իրացմանը եւ շուկայավարմանը:

Ծրագրի շրջանակում ֆերմերներին օժանդակելու նպատակով նախատեսվում է օրգանական գյուղատնտեսության աջակցման կառույցների վերապատրաստում, կրթական հաստատություններինօրգանական գյուղատնտեսության վերաբերյալ ուսումնական ծրագրերի տրամադրում եւ աջակցություն ժամանակակից ձեռնարկների մշակման հարցում:



loading...