«Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան». Կարեն Կարապետյան


«Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան». Կարեն Կարապետյան
Ապրիլ 4 14:12 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:

Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:

Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:

Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում:

Սիրով Ձեր՝ Կարեն Կարապետյան»: