Արժույթի միջազգային հիմնադրամը ՊԵԿ-ից հետաքրքրվել է, թե ինչ գործոններով է պայմանավորած եկամուտների աճը


Արժույթի միջազգային հիմնադրամը ՊԵԿ-ից հետաքրքրվել է, թե ինչ գործոններով է պայմանավորած եկամուտների աճը
Ապրիլ 1 12:40 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Հոսսեյն Սամիեին, տպավորված լինելով վերջին ամիսներին կոմիտեի կողմից ապահովված եկամուտների աճով, հետաքրքրվել է այն պայմանավորած գործոններով։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Վարդան Հարությունյանն առանձնացրել է ռիսկերի բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծություններն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարական միջոցառումները. «Վերջին 5 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը մուտքերի աճ է ապահովել գերավճարների նվազեցման եւ 50%-ով ստուգումների կրճատման պայմաններում՝ առաջնահերթ պահպանելով բիզնեսի հետ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործելաոճը»։

Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ դրական միտումը շարունակվելու է նաեւ տարվա ընթացքում՝ նշելով, որ ՊԵԿ-ը շահագրգռված է այնպիսի նախագծերի կյանքի կոչմամբ, որոնք կխթանեն տնտեսական ակտիվությունը՝ հանգեցնելով նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը․ «Մենք շարունակաբար փորձելու ենք հարկային եւ մաքսային համակարգերը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, միաժամանակ փոխվելու պատրաստակամություն ենք ակնկալում բիզնեսից՝ աշխատելու քաղաքակիրթ բիզնես սկզբունքներով»։

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին, ողջունելով կոմիտեի նախագահի վճռականությունը նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում, իրենց աջակցությունն է առաջարկել մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում։

Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը եւ այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։