Կարապետյանը դիմում էր եկեղեցու միջամտությանը, Առաքելյանը՝ հսկայական միջոցների


Կարապետյանը  դիմում էր եկեղեցու միջամտությանը, Առաքելյանը՝ հսկայական միջոցների
Հունվար 14 16:17 2017

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն այսօր տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, թե նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզի մի շարք ջերմոցային տնտեսություններ։ Նախարարին ցույց են տվել ջերմոցներն ու մանրամասն պատմել լոլիկի աճեցման պրոցեսի մասին։

Այն, որ Իգնատի Առաքելյանին առավել քան պետք է ծանոթանալ գյուղատնտեսության ոլորտին քննարկումից դուրս է։ Հիշեցնենք, որ Առաքելյանը մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը եղել է «Պեռնո Ռիկար» խմբին պատկանող Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենը, եւ հետեւաբար գյուղատնտեսության ոլորտից մեղմ ասած բավականին հեռու է։ Չորս ամիս է Առաքելյանը զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, եւ այս ընթացքում իր բազմաթիվ հարցազրույցներում կրկնել է միայն հետեւյալը․ ոլորտը ծանր վիճակում է։ Այն, որ գյուղատնտեսության ոլորտը ծանր, ավելի շուտ ծանր վիճակում է, Առաքելյանի խոստովանությունից հետո չէ, որ պետք է տեղյակ լինեինք։ Տարիներ շարունակ գյուղի եւ գյուղացու առջեւ ծառացած խնդիրները լուծում չեն ստացել։ Տարբեր առիթներով գյուղացիները ստիպված են եղել թողնել իրենց աշխատանքն ու բողոքի ակցիաներ իրականացնել։ Այս կերպ փորձելով իշխանությունների, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա։ Միայն, թե նախարարությունում այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Հիմա Իգնատի Առաքելյանը, ով հսկայական միջոցների տեր է, հայտարարում է, թե իրենք ծրագրեր են մշակում, որպեսզի աջակցեն գյուղացուն։ Ծրագրերը, սակայն գրվում են, խոսվում դրանց մասին, բայց հետո համալրում գյուղոլորտի պատասխանատուների դարակները։

Ակնհայտ է, որ նախարարի փոփոխությունը դրական անդրադարձ չի կարող ունենալ ոլորտի վրա, որովհետեւ գյուղատնտեսության ծանր վիճակը, ոչ թե անձերով է պայմանավորված, այլ համակարգային բնույթ է կրում։ Հետեւաբար կարելի է ասել, որ Իգնատի Առաքելյանի նշանակումը նախարարի պաշտոնում, նպատակ ունի ոչ թե թեթեւացնել գյուղացու խնդիրները, այլ պաշտոնը ծառայեցնել անձնական նպատակներով։ Այդ կերպ վարվեց նաեւ Առաքելյան Իգնատին, համալրելով ՀՀԿ-ի շարքերը։ Գյուղոլորտը զարգացնելու Առաքելյանի սկսած փոփոխությունները ըստ երեւույթին ոչնչով չեն տարբերվում նախորդ նախարարի որդեգրած քաղաքականությունից։ Միայն մեկ տարբերությամբ՝ Սերգո Կարապետյանը պարբերաբար դիմում էր եկեղեցու միջամտությանը, Առաքելյանը՝ հսկայական միջոցների։

Նշենք, որ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն: Նա նաև ունի 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ: Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է մոտ 21 մլն 766 հազար դրամ, 71950 դոլար և 77 հազար 775 եվրո: Նա նաև 47 հազ 321 եվրո արժողությամբ գույք է օտարել, որը հայտարարագրել է որպես եկամուտ:

Փայլակ Ֆահրադյան