Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում ենք հաղթել Լիվերպուլին և մտնել պատմության մեջ


Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում ենք հաղթել Լիվերպուլին և մտնել պատմության մեջ
Հունվար 14 14:11 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղի, ինչպես նաև մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Բոլորը սպասում են այդ խաղին: Բաց եմ թողել «Էնֆիլդում» անցկացված առաջին հանդիպումը, սակայն գիտեմ այս դիմակայության արժեքը: Գիտեմ, թե որքան կարևոր է այս հանդիպումը, ծանոթ եմ պատմությանը:

Առաջին անգամ չէ, որ մասնակցելու եմ նման դերբիի և գիտեմ, որ պետք է պատրաստ լինես այդ օրվան: Էական չէ, պետք է խաղաս թիմիդ և երկրպագուների համար և անես ամեն ինչ հաղթելու համար, քանի որ դա կմտնի պատմության մեջ: Իհարկե, բացի այդ, երեք միավորի կարիք ունենք, ինչը շատ կարևոր կլինի առաջիկա ամիսներին:

Բազմաթիվ մանրուքներ կան: Ոչ միայն ճնշումը, ոչ միայն այն, թե ինչպես են մարդիկ պատրաստվում այդ հանդիպմանը: Դա թիմային աշխատանք է, վերջին փոխանցումը, հարվածը, արագացումները. դա ամեն ինչ է: Չես կարող ասել, որ պետք է բարելավվես որոշակի տեսանկյունից հաղթելու համար: Ոչ, պետք է բարելավվես այլ առումներով էլ: Պետք է հաղթես յուրաքանչյուր մենապայքարը, ամեն մետրը: Դրանից հետո կտեսնես, թե ինչպես ես հաղթում:

«Լիվերպուլն» առաջադիմել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ: Նրան շատ լավ եմ ճանաչում: Նա մեծագույն մարզիչներից է և կարող է թիմին նոր մակարդակի հասցնել: Կլոպի թիմերը շատ հետաքրքիր ֆուտբոլ են խաղում, ուստի մեզ սպասում է շատ գեղեցիկ հանդիպում: Կարծում եմ, որ նա շատ լավ աշխատանք է տանում, վստահում է ֆուտբոլիստներին և նրանցից ստանում առավելագույնը: Դա նրա մոտ շատ լավ է ստացվում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: