Ովքե՞ր են հավակնում պատգամավորական մանդատի


Ովքե՞ր են հավակնում պատգամավորական մանդատի
Հունվար 14 14:04 2017

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են լինել բավականին թեժ: Թեեւ ապրիլի 2-ին նախատեսված ընտրություններին առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները դեռ շուրջ 1 ամիս ժամանակ ունեն (առաջադրումները սկսվում են փետրվարի 2-ից), սակայն արդեն հայտնի են առաջին անձինք, որոնք պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրել իրենց թեկնածությունը Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքով սահմանված 13 ընտրատարածքներից որեւէ մեկում:
Armday.am-ը ներկայացնում է այս օրերին քննարկվող հնարավոր թեկնածուների անունները:

Որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արփի Դավոյանը: Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանները: Այս ընտրատարածքում իշխանությունը պատրաստվում է առաջադրել երկու թեկնածուի: Շրջանառվող տեղեկությունների համաձայն պատգամավորության թեկնածուներ այս ընտրատարածքում գրանցվելու են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, եւ Կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: 

ՔՊ վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է առաջադրվել թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները: Այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն: Նույն ընտրատարածքում առաջադրվելու մասին Armday.am-ի հետ զրույցում չի բացառել նաեւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Առաջադրվելու մասին մամուլում հայտարարել են նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), «Հայկական վերածնունդից»՝ Հեղինե Բիշարյանը: Մյուս քաղաքական ուժերը դեռեւս չեն հստակեցրել իրենց մոտեցումները:
ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը եւս որոշակիորեն հստակեցվում է:

ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո), Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ), Արա Արամյանը, Մուրադ Գուլոյանը, ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Գյումրիում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակում տեղեկությունների համաձայն կլինեն Վարդեւան Գրիգորյանը եւ Արմեն Բադեյանը: Վերջնական հստակությունը կմտնի Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը տարեվերջին չէր բացառել, որ դարձյալ քաղաքականություն կվերադառնա: Իսկ, թե ինչով է պայմանավորված Ծառուկյանի հայտարարության ձգձգումը, ըստ մեր տեղեկությունների կապված է Բաղրամյան 26-ի հետ ժամկետների հստակեցմամբ:

Խորհրդարանական ընտրությունները ինտրիգային են խոստանում լինել հատկապես Հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրիում առաջադրվելու ցանկություն հայտնողների թիվը շատ է: Եվ այսպես Գյումրիում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով կառաջադրվի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, գործարար- պատգամավոր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը: Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւս կլինի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի հնարավոր առաջադրման հարցը: Դեռեւս նախորդ տարի Armday.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Բալասանյանը որդուն պատգամավոր տեսնելու հարցը քննարկել է կենտրոնական իշխանությունների հետ, սակայն վերջնական «դաբրո» չի ստացել: Բացի այդ կան տեղեկություններ, որ Ֆելիքս Ցոլակյանը դեմ է կրտսեր Բալասանյանի առաջադրմանը:

Շիրակի մարզում ՀՅԴ-ն որոշակիորեն հստակեցրել է իր դիրքոշումը: Մասնավորապես տեղեկությունների համաձայն ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Ռոմիկ Մանուկյանն ու նրա որդին: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՅԴ ցուցակում լինելու է նաեւ ԱԱԾ նախկին աշխատակից Վարդան Հակոբյանը (նա Գյումրիում առավել հայտնի է «ԿԳԲ-ի Վարդան» անունով):

Մամուլի հրապարակումների համաձայն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հավելենք, որ ընդդիմադիր մյուս ուժերը այս օրերին ակտիվ քննարկումների փուլում են: Հնարավոր միավորումների շուրջ քննարկումները սկսվել էին դեռեւս նախորդ տարվանից: Ընդդիմադիր ուժերի միավորումը տեղի կունենա, թե ոչ, հայտնի կդառնա այս ամվսա վերջ: Առայժմ հստակ չէ նաեւ թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ինչ ձեւաչափով մասնակցություն կունենա խորհրդարանական ընտրություններին:

Շարունակելի:

Փայլակ Ֆահրադյան