Վրաստանում ձերբակալվել է Սամվել Բաբայանին «Իգլա» մատակարարած անձը (Տեսանյութ)


Վրաստանում ձերբակալվել է Սամվել Բաբայանին «Իգլա» մատակարարած անձը (Տեսանյութ)
Մարտ 27 23:45 2017

Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ ԱԱԾ-ի փոխանցմամբ` կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։ Երեք անձը, նրանց թվում Սամվել Բաբայանը կալանավորվել է: