Ոստիկանությունը՝ ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակի հայտարարության մասին


Ոստիկանությունը՝ ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակի հայտարարության մասին
Մարտ 27 19:47 2017

Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալու նպատակով

ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ:

Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ պահանջելով հեռու մնալ ընտրություններից:

Մարտի 25-ին Պատվական Պոդոսյանն է հաղորդում և բացատրություն տվել ոստիկանությունում առ այն, որ Նարեկ Հարությունյանը իր հորաքրոջ աղջկա ամուսինն է, և ինքը նախընտրական քարոզարշավին աջակցում է նրան, նաև տեղափոխում քաղաքացիների հետ հանդիպման:

Ըստ Պոդոսյանի՝ մարտի 24-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել:

Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով:

ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում անհիմն ու չստուգված տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

ՀՀ Ոստիկանություն



loading...