«Աանջներդ ես եմ կտրելու», «Արա, բայց դուք ինչ տիպ եք», «Ես Բաղդասարյանի զինվորն եմ». քարոզարշավի կիքսերը (լուսանկարներ)


«Աանջներդ ես եմ կտրելու», «Արա, բայց դուք ինչ տիպ եք», «Ես Բաղդասարյանի զինվորն եմ». քարոզարշավի կիքսերը (լուսանկարներ)
Մարտ 27 18:44 2017

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, քաղաքական ուժերի քարոզարշավը շարունակվում է մեծ թափով, դրա ընթացքում հասարակության և հատկապես սոցկայքերի օգտատերերի ուշադրությունից չեն վրիպում թեկնածուների արտասանած բոցաշունչ ելույթները, որոնք հաճախ զվարճանքի առիթ են դառնում:

Քարոզարշավի ընթացքում հատկապես աչքի են ընկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սեյրան Սարոյանը, Հեղինե Բիշարյանը, Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:

Եվ այսպես. վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպումները չեն անցնում առանց ուշագրավ դրվագների, վարչապետն էլ փորձում է անմիջական լինել բնակիչների հետ:

-Մարտի 12-ին Վայոց ձորի Վայք քաղաքում քարոզարշավի շրջանակներում Կարեն Կարապետյանին է մոտեցել մի փոքրիկ ու հարցրել, թե ինչ պիտի անի, որ դառնա վարչապետ:

«Դպրոցում, բայց պետք է լավ սովորես: Տեսնո՞ւմ եք հաջորդ վարչապետին, իմ կողքն է կանգնած: Այ հենց Արբակը դառնա վարչապետ, Վայքի սաղ հարցերը լուծելու է»,- հետևել է Կարեն Կարապետյանի պատասխանը:

-Մարտի 14-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքին հարող մշակույթի տան դահլիճում իր խոսքն ուղղելով վարչապետին, մի կին անկեղծացել է «Մեր ազգի կանանց և աղջիկների 80 տոկոսը Ձեզ համակրում են, ո՞նց է լինելու վերջը»: Կնոջ հայտարարությունից հետո դահլիճում ծիծաղ է սկսվել:

«Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- պատասխանել է վարչապետը:

-Մարտի 19-ին Տաշիրում ընտրողների հետ հանդիպմանը Կարապետյանը կատակել է` նշելով, որ մասամբ ինքն էլ է Տաշիրից, ապա նշել, որ տաշիրցիք կողով են:

«Չգիտեմ` գիտեք, թե չէ, բայց ես էլ եմ Տաշիրից: Ես էլ եմ հաստակող, բայց ձեր նման հաստակող չեմ, շատ բարեկամներ ունեմ այստեղից»,-ասել է նա:

Տաշիրցի մի կին հարց ուղղելուց առաջ վարչապետին հորդորել է ամիսը մեկ անգամ այցելել Տաշիր՝ ծանոթանալու ժողովրդի սոցիալական վիճակի, ինչին Կարապետյանն արձագանքել է. «Ասում եմ չէ, որ դուք ավելի կողով եք»:

-Մարտի 20-ին աշխատանքային այցով վարչապետը եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Վարչապետը գուղացիներին փորձել է համոզել, որ նրանց խնդիրներին պետք է համալիր լուծում տալ, կազմել ծրագրեր և ներկայացնել կառավարություն։ Սակայն գյուղացիները շարունակ անհատապես պնդում էին իրենց պահանջները, ինչին ի պատասխան վարչապետի նյարդերը տեղի տվեցին. «Վայ մամա ջա՜ն, արա դուք ինչ տիպ եք…»։

-ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, ով սպառնում էր ոչնչացնել, մատներով հանել բոլոր նրանց աչքերը, որոնք ցանկանում են խլել ինչ-որ բան ՀՎԿ-ից, մարտի 8-ին համակիր կանանց հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել է իր հավատարմությունը Արթուր Բաղդասարյանին՝ հայտարարելով, թ ինքը Բաղդասարյանի զինվորն է և մյուս կանանց էլ խորհուրդ տվել իր օրինակին հետևել:

-ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հետ չի մնացել իր գործընկերուհուց, մարտի 21-ին Սյունիքի մարզում ելույթ ունենալով նա զգուշացրել է ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանին չսպառնալ ընտրողներին, այլապես անձամբ ինքը՝ Զոհրաբյանը, նրան կզրկի զույգ ականջներից. «Զգուշացում մարզպետին: Ուրեմն մարզպետ ես, ինչ ես, էրկու ականջներիդ օղ արա, ուրեմն եթե լսել եմ մի անգամ էլ համարձակվել ես սպառնալ Քաջարանի կամ էդ քիմկոմբինատի աշխատողներին կամ Ղափանի, էրկու ականջներդ ես եմ կտրելու անձամբ: Մարզպետ, զգուշացնում եմ, դու որեւէ բարոյական իրավունք չունես, աշխատում ես քո հանցագործ կլանի համար, աշխատի, դու որեւէ բարոյական իրավունք չունես սպառնալ աշխատակիցներին, ասել, որ կհեռացնես աշխատանքից: Տո դու ո՞վ ես, որ աշխատանքից հեռացնես: Էս ժողովուրդն ա քեզ ու քո պապաներին հեռացնելու: Հեռացնելու ենք ապրիլի 2-ին»:


-«Բազմաթիվ ցուցումունքներ արդեն Քաջարանում աշխատող աշխատակիցների, որ ինքը պարտադրում ա, սպառնում ա, վախացնում ա մարդկանց, ես անձամբ եւ իմ գործընկեր Միքայելը էդ ամենը ներկայացնելու ենք Ստրասբուրգ՝ դատարան, եւ ինքը կանգնելու ա պատասխանատվության առաջ՝ մարդկանց վախացնելու, ահաբեկելու, աշխատողներին ասելու, որ գործից կհանենք, եթե չընտրես: Էս, ժողովուրդ ջան, էլ միջնադար չի, սա 16-րդ դարը չի»:

-«Իմ խնդիրը լինելու ա բոլոր նրանց, ովքեր օգտագործում են իրանց վարչական ռեսուրսները, ովքեր Քաջ Նազարի բախտով դառել են մարզպետ, քաղաքապետ, ես չգիտեմ ինչ, բոլոր նրանց, ովքեր կփորձեն հայ քաղաքացուն, հայ ընտրողին ճնշել, վախեցնել, բոլոր նրանք ենթարկվելու են պատասխանատվության: Ես դա ձեզ խոստանում եմ» :

-Մարտի 27-ին էլ Գառնիում Զոհրաբյանը պատասխանել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին՝ հայտարարելով՝ «Որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա՝ անցել են «Ծառուկյան» դաշինքը վարկաբեկելուն:

«Ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորին գիտի, բոլորի կենսագրությունը գիտի, թե ով ինչի վրայով անցնելով եկավ իշխանության, ով ինչպես է իշխանությունից ստանում իր նպաստը եւ սկսում ծառայել այս իշխանությանը: Հիմա նույն Արամ Զավենի Սարգսյանը, երեկ քննադատում է «Ծառուկյան» դաշինքին եւ Ծառուկյանին՝ ասելով՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետեր հնարավոր չէ ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞»,-ասել է նա:


Վանաձորում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքն անվանել էր Հանրապետական 2-րդ կուսակցություն եւ նշել. «Գագիկ Ծառուկյանը ֆոկուսչիկ է, դրա համար էլ առանց իշխնությունների հետ կապ ունենալու կարողացել է ունենալ կազինո եւ բիզնեսներ»:

Շարունակելի...