Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրությունները


Դատախազությունն ուսումնասիրելու է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրությունները
Մարտ 26 15:25 2017

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը: Այս մասին  հայտնում են գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: