Կիևն անվանել է «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի մասնակցության միակ նախապայմանը


Կիևն անվանել է «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի մասնակցության միակ նախապայմանը
Մարտ 26 11:38 2017

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչասլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մասնակցել Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթին միայն այն դեպքում, եթե ընտրի ուկրաինական օրենսդրության հետ խնդիրներ չունեցող մասնակցի:

Այս մասին հայտնում է Կիրիլենկոյի մամուլի ծառայությունը:

«Իհարկե, մենք պատրաստ ենք հյուրընկալել «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր 43 մասնակից պետություններին՝ այդ թվում նաև Ռուսաստանին: Ռուսաստանը կարող է ստեղծված իրավիճակից ելք գտնել՝ ընտրելով այնպիսի մասնակցի, որն ուկրաինական օրենսդրության հետ խնդիրներ չունի: Այդ դեպքում խնդիրը շատ արագ կլուծվի»,-հայտարարել է փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն արգելել էին մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը Կիև այն պատճառաբանությամբ, որ աղջիկն անցած տարի առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու մեկնել է Ղրիմ ու այնտեղ համերգ տվել:

Կիրիլենկոյի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Սամոյլովային որպես մասնակից ընտրելը սադրիչ քայլ է:

Նշենք, որ Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները կարող են Ղրիմ այցելել միայն ուկրաինական իշխանություններից ստացած թույլտվության համաձայն և պետք է թերակղզի մտնեն Ուկրաինայի տարածքից: