Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում


Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Մարտ 26 10:12 2017

Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ Արթուր Դավթյանը: Զուգափայտեր վարժությունում հայ մարմնամարզիկը զբաղեցրեց 8-րդ տեղը:

Այսօր, ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև երեկ՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում:

Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը:

Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրեց 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: