Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
Մարտ 25 22:38 2017

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին: «Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություններն ու ծայրահեղական դրսևորումները, որոնք չունեն որևէ արդարացում և մարտահրավեր են՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Վստահ ենք, որ Մեծ Բրիտանիայի բարեսեր իշխանությունները կարող պիտի լինեն կանխարգելելու նմանօրինակ ոճրագործությունները՝ ապահովելով աստվածասեր Ձեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքը։ ․․․Թող Երկնավոր Տերը պահապան լինի Մեծ Բրիտանիային և զորակից լինի Ձեզ և բարեպաշտ Ձեր ժողովրդին», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցական նամակում։