Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում


Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում
Մարտ 25 21:33 2017

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:

Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց:

Դիմելով ծնողներին՝ նախագահն ասել է. «Գլուխ եմ խոնարհում ձեր առաջ այսպիսի տղաներ դաստիարակելու համար։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մի ողջ ժողովրդի անվտանգությունը, ապահովում նրա գոյությունը։ Վաղը նրանք ձեր օջախներ կվերադառնան որպես իսկական տղամարդ՝ հասուն, գիտակից ու միշտ կապրեն այն համոզմունքով, որ զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Նրանք դա այսօր բոլորից լավ գիտեն։
Այո՛, զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Հետևաբար այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»։

Շարունակելով խոսքը՝ Սերժ Սագսյանն ասել է. «Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միևնույնն է վտանգը չի նվազելու»։

Նախագահն ասել է, թե անցած ապրիլին Հայաստանը հետ է շպրտել միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով. «Մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։

Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու.հաստա՛տ չենք անելու:

«Անցած ապրիլին հերոս տղաներ կորցրեցինք։ Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես` գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել։

Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք»,-նշել է նախագահ Սարգսյանը։