Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը


Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը
Մարտ 25 20:47 2017

Աժ ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստական նյութ է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (http://sut.am/archives/803)։ Հեռախոսային ձայնագրությունների տեսքով հրապարակված հսկայածավալ նյութը վկայում է, որ հանրապետության դպրոցները եւ նախակրթական հիմնարկները զանգվածաբար ներքաշված են նախընտրական շրջանում ապօրինի մեթոդներով իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի օգտին աշխատելու գործում։

Իշխանությունը, նախապես ժխտելով իր կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, ըստ էության հաստատել է ցուցակների հավաքման փաստը՝ դա օրենքի խախտում չհամարելով, իսկ ձայնագրությունների հրապարումը որակել որպես սադրանք։

Դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների տնօրենների ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումն իրականում այլ բան չէ, քան ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, ինչը արգելվում է օրենքով։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը՝

Դատապարտում է իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը։
Համարում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած եւ մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։
Պահանջում է ոլորտի հիմնական պատասխանատու՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը։

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի

Նախընտրական շտաբ



loading...