Գերմանիան սպասում է, որպեսզի Թուրքիայի վարչապետը կատարի իր խոստումը


Գերմանիան սպասում է, որպեսզի Թուրքիայի վարչապետը կատարի իր խոստումը
Մարտ 25 19:51 2017

Գերմանիան սպասում է, որպեսզի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատարի իր խոստումն ու թույլատրի գերմանացի հյուպատոսներին այցելել գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելին, ով կալանավորված է Թուրքիայում, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է, որ գերմանացի հյուպատոսները հնարավորություն կունենան այցելելու բանտում գտնվող թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին:
Գերմանիայի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիային և հայտնել է, որ այդ երկրի վարչապետը չի կատարել իր խոստումը. գերմանացի հյուպատոսները երեք շաբաթ շարունակ կալանավորման մեջ գտնվող Յուջելին այդպես էլ չեն հանդիպել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ անգամ պահանջել են արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կառավարության անդամների մուտքը Գերմանիա և Եվրամիության այլ երկրներ:

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:



loading...