Ահաբեկչությունը չունի որեւէ արդարացում. Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին


Ահաբեկչությունը չունի որեւէ արդարացում. Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին
Մարտ 25 11:37 2017

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 24-ին ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի եւ վիրավորների կապակցությամբ։

Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություններն ու ծայրահեղական դրսեւորումները, որոնք չունեն որեւէ արդարացում եւ մարտահրավեր են՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Վստահ ենք, որ Մեծ Բրիտանիայի բարեսեր իշխանությունները կարող պիտի լինեն կանխարգելելու նմանօրինակ ոճրագործությունները՝ ապահովելով աստվածասեր Ձեր ժողովրդի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքը։

․․․Թող Երկնավոր Տերը պահապան լինի Մեծ Բրիտանիային եւ զորակից լինի Ձեզ եւ բարեպաշտ Ձեր ժողովրդին», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցական նամակում։