Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար


Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար
Մարտ 25 11:02 2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն` Երեւանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Ս.-ն կատարողական վարույթի շրջանակներում իրենից վերցրել է ընդհանուր 3.650 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր վստահությանը հանձնված հիշյալ գումարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում: