«Առավոտ». Եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել խնդիրները, նրանք պետք է ձերբակալվեն


«Առավոտ». Եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել խնդիրները, նրանք պետք է ձերբակալվեն
Մարտ 25 06:55 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ 2000-2004 թվականներին Սամվել Բաբայանը ազատազրկված էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, ես «Առավոտ» թերթով կանոնավոր ձեւով շնորհավորում էի նրա ծննդյան օրը (որը, ինչպես հայտնի է, նաեւ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է), ինչպես նաեւ հույս էի հայտնում, որ նախագահ Ղուկասյանը նրան ներում կշնորհի, ինչը եւ, ի վերջո, տեղի ունեցավ: Գնահատում էի եւ շարունակում եմ գնահատել Բաբայանի ռազմական վաստակը, նաեւ կողմ եմ բոլոր դեպքերում մարդասիրական եւ ներողամիտ վերաբերմունքին:

Հիմա նա դարձյալ ձերբակալված է, եւ ես նկատում եմ երկու ծայրահեղ մոտեցում: Մեկն ակնհայտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, իսկ մյուսը շտապում է նրան հայտարարել «քաղբանտարկյալ»: Պետության մեջ եւ պետության օրենքներով ապրելու մշակույթը մեզանում առայժմ զրոյական մակարդակի վրա է, եւ դա որոշակի թյուրիմացությունների պատճառ է դառնում:

Հենց այդ մշակույթից ելնելով՝ հայտնեմ իմ նկատառումը, որն այս գործի հետ գուցե անմիջական կապ չունի, եւ որի հետ, բնականաբար, հայաստանցիների մեծ մասը համաձայն չէ: Ինձ համար սկզբունքային հարց չէ, թե որ կուսակցությունն է մեծամասնություն ստանալու Ազգային ժողովում եւ ինչ կոալիցիաներ են ձեւավորվելու:

Բայց ինձ համար խիստ կարեւոր է, որ ԱԱԾ-ն եւ մնացած իրավապահները վճռականորեն կանխարգելեն զինված քաղաքական պայքարի բոլոր փորձերը, ինչը նրանք չեն կարողացել անել «Սասնա ծռերի» դեպքում: Եթե ինչ-որ տեղ ապօրինի զենք կա, այդ զենքը պետք է առգրավվի, եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել ներքաղաքական խնդիրները, այդ խմբի անդամները պետք է ձերբակալվեն: Թող հետո այդ ձերբակալվածներին անվանեն «քաղբանտարկյալներ», թող հետո «ռեյտինգներ» բարձրանան-իջնեն՝ նման խոսակցություններից վնասը շատ ավելի քիչ է, քան «Սասնա ծռերի» կրկնությունից:

Նորմալ քաղաքացիները, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին Հայաստանում փոքրամասնություն են կազմում, պետք է պահանջեն իրավապահներից չկրկնել անցած տարվա հուլիսի սխալները, ոչ թե բողոքեն, թե ինչու են նրանք միջոցներ ձեռնարկում զինված ակցիաները կանխելու համար:

Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է: Գլխավոր խնդիրը մնալու է նույնը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ եւ օրինապաշտ քաղաքացիներին: Հավասարապես` ազատ եւ օրինապաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում