Արքայազն Չարլզն այցելել է լոնդոնյան ահաբեկչության հետևանքով տուժածներին


Արքայազն Չարլզն այցելել է լոնդոնյան ահաբեկչության հետևանքով տուժածներին
Մարտ 24 21:49 2017

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Վեստմինստերյան կամուրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության տուժածներին, որոնք գտնվում են հիվանդանոցում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Ուելսի արքայազնը ժամանել է Թագավորական քոլեջի հիվանդանոց, որտեղ հանդիպել է նաև բժիշկներին և բուժանձնակազմին:

Արքայազն Չարլզն ընդգծել է հիվանդանոցի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու շնորհակալություն հայտնել նրանց ահաբեկչությունից տուժածներին փրկելուն ուղղված «արտակարգ ջանքերի» համար:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնում ահաբեկիչը մեքենայով ընթացել է մարդկանց խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, տասնյակները` վիրավորվել: Հարձակումն իրականացնողին կրակել են ոստիկանները:

Իրավապահ մարմինները պարզել են ահաբեկչի ինքնությունը, ով 52-ամյա բրիտանացի Խալեդ Մասուդն է եղել: