Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով


Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով
Մարտ 24 20:50 2017

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, մեկնաբանելով երկրում Ռոսգվարդիայի զորամասի վրա ահաբեկիչների կատարած հարձակումը, հայտնել է, որ զինյալների ինքնությունը պարզված է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Քադիրովի խոսքով՝ նրանցից երկուսը Ռոստովի մարզից են, մեկը՝ Վոլգոգրադի մարզից, եւս երեքը՝ Չեչնիայից:
«Այժմ կասկած չկա, որ ելուզակները մտադրվել Էին ռեզոնանսային ահաբեկչական գործողություններ իրականացնել զենքի օգտագործմամբ, եթե նրանց հաջողվեր այն խլել ու անվնաս հեռանալ»,- գրել է Քադիրովը Instagram սոցիալական ցանցի իր էջում:
Քադիրովը նաեւ ցավակցություն է հայտնել ՌԴ-ի ազգային գվարդիայի զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Վիկտոր Զոլոտովին եւ զոհվածների ազգականներին ու մերձավորներին: «Ռուսաստանի Ահմատ Քադիրովի անվան տարածաշրջանային հանրային հիմնադրամը որոշում է ընդունել օգնություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին»,-հավելել է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: Ինչպես հայտնել է Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը, զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ:
Ծառայության տվյալներով՝ լույս մարտի 24-ի գիշերը մի խումբ զինյալներ փորձել են ներխուժել Ազգային գվարդիայի զինվորական ավաններից մեկի տարածք: «Հարձակման ժամանակ զինյալներն օգտվել են թանձր մառախուղից: Ռոսգվարդիայի անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ելուզակախումբը չի կարողացել ներթափանցել ավանի տարածք»,-ընդգծել են գերատեսչությունում:
Ներկայում բախման շրջանը շրջափակված է: Տեղի ունեցած բոլոր հանգամանքները պարզելու համար Չեչնիայի Հանրապետություն է մեկնել Ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական աշխատակազմի օպերատիվ խումբը: