ՀՀԿ-ն արձագանքել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների տարածված ձայնագրություններին


ՀՀԿ-ն արձագանքել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների տարածված ձայնագրություններին
Մարտ 24 19:09 2017

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ Հանրապետական կուսակցության համար իրենք ցուցակներ են հավաքել:

Ավելի ուշ Հանրապետական կուսակցությունը արձագանքեց կազմակերպության ներկայացրած տեղեկատվությանը:

Կուսակցության լրատվական ծառայությունից տարածած հաղորդագրության մեջ նշվում է հետևյալը.

«Ի պատասխան որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետևյալը.

1. Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում:


2. Ընտրական օրենսգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:

3. Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:

4. Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի:

5. Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»:



loading...