Հայաստանում վաղը մեկ ժամով կանջատվեն լույսերը. ՀՀ-ն արդեն 9-րդ անգամ միանում է «Մոլորակի ժամ»-ին


Հայաստանում վաղը մեկ ժամով կանջատվեն լույսերը. ՀՀ-ն արդեն 9-րդ անգամ միանում է «Մոլորակի ժամ»-ին
Մարտ 24 18:00 2017

«Մոլորակի ժամ»-ն աշխարհը կնշի մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանն արդեն 9-րդ անգամ կմիանա նախաձեռնությանը։ Մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի, հուշարձանների ու փողոցների արտաքին լուսավորությունը։ Այս տարի երկրները, որոնք անդամակցում են «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը, կարող են կենտրոնանալ հատուկ թեմայի շուրջ։

Այսինքն՝ երկրները կարող են ընտրել թեմաներ, որոնք հուզում են իրենց։ Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր։

«Այսօր ազդարարում ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը։ Սա երկարատև գործընթաց է և շաբաթօրյակային մոտեցում չներառող միջոցառում։ Պետք է համբերատար աշխատել այս ուղղությամբ, քանի որ այս ծրագիրը մեկ բաղադրիչից չի կազմված։ Մարդկանց մեջ պետք է փոխվի մտածելակերպը, և մենք կկարողանանք կյանքի կոչել այս նախագիծը»,- ասաց ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը և հավելեց, որ ծրագրի միջոցով ցանկանում են մաքրել Հայաստանի ողջ տարածքը կենցաղային աղբի կուտակումն րից։
Реклама 14

«Այս տարի բոլոր աղբավայրերի գույքագրում և քարտեզագրում պետք է իրականացվի։ Արդեն գործընթացը սկսված է, և, օրինակ, Տավուշի մարզում քարտեզագրվել է 190 աղբավայր, որոնցից միայն Դիլիջանի խոշորացված համայնքի տարածքում կա այդպիսի 30 աղբանոց։ Մենք պետք է դասակարգենք այնպես, որպեսզի հասկանանք, թե դրանցից որոնք է հնարավոր սպասարկել, մաքրել կամ հողածածկել։ Մենք պետք է ստեղծենք եվրոպական ստանդարտներին համապատասխան աղբավայրեր»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականությա վարչության պետ Արտաշես Բախշյանը։

Նրա խոսքով՝ բոլոր քարտեզագրված և գույքագրված աղբավայրերը լինելու են ինտերակտիվ՝ վիրտուալ։ Ցանկացած քաղաքացի, եթե տեսնի որևէ աղբակույտ, կարող է նկարել և ուղարկել համապատասխան հասցեով։ Այսպիսով՝ այս ամենը կներառվի համայնքի ղեկավարի գործողությունների ծրագրում։ Բախշյանը նշեց, որ օրենսդրական դաշտը կարգավորելու խնդիր կա։ Չսահմանված վայրերում աղբ թափելու համար սահմանված են բավականին խիստ տուգանքներ, վարչական տույժեր (ֆիզիկական անձանց համար՝ 30-50 հազար դրամ, իրավաբանական անձանց՝ 100-200 հազար դրամ), սակայն դրանք չեն կիրառվում ։

Նրա պնդմամբ՝ օրինախախտներին բացահայտելու ուղղությամբ պետք է աշխատանք տանել, համագործակցությունը ոստիկանության և համայնքի ղեկավարների հետ պետք է շատ սերտ լինի։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի համոզմամբ՝ աղբահանության հետ կապված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում երկրի զբոսաշրջության զարգացման վրա։

«Մարդիկ ծուլանում են հավաքել իրենց թողած աղբը։ Պետք է այս խնդրի շուրջ համախմբել բոլորին՝ առաջին հերթին հենց այդ աղբը ամեն պատահած տեղ թափողներին։ Եղելեն դեպքեր, որ զբոսաշրջիկները գալիս են, տեսնում աղբը եկեղեցու մոտ ու թողնում ետ գնում։ Սա շատ մեծ խնդիր է»,- ասաց Մանվելյանը։

«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ։ Սա արվում է հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Հայաստանում միջոցառման նախաձեռնողն է «Բնության համաշխարհային հիմնադրամը» (WWF), Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության և Հ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների աջակցությամբ։ «Մոլորակի ժամ»-ն առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը։ Նպատակն եղել է մեկը՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։