Մամուլի խոսնակներ, ովքեր հավակնում են պատգամավոր դառնալ (լուսանկարներ)


Մամուլի խոսնակներ, ովքեր հավակնում են պատգամավոր դառնալ (լուսանկարներ)
Մարտ 24 16:37 2017

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը գնալով մոտենում է, քաղաքական ուժերի քարոզարշավը շարունակվում է մեծ թափով: Մենք շարունակում ենք ուսումնասիրել ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի ցուցակները՝ մեր նախորդ հրապարակումներում անդրադառնալով բոլոր ռեյտինգային թեկնածուներին, ներկայացնելով, թե ով ինչ զբաղվածություն ունի, ինչպես նաև ով է գործազուրկ: Արդեն ներկայացրել ենք ցուցակներում տեղ գտած փաստաբանների, ովքեր հավակնում են դառնալ պատգամավոր: Այս անգամ առանձնացրել ենք մամուլի խոսնակներին, ում դերն ու նշանակությունը չափազանց մեծ է ինչպես առանձին պաշտոնյայի, այնպես էլ քաղաքական ուժի համար:

Այսպիսով, գրեթե բոլոր 9 քաղաքական ուժերի ցուցակներում էլ տեղ են գտել նախկին և ներկա խոսնակներ: Օրինակ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակում խոսակները մի քանիսն են, 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, 9-րդ հորիզոնականում է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով 2008թ եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը: Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, ով 2013-15թթ զբաղեցրել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնը, ևս տեղ է գտել ցուցակում՝ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Շուշան Սարդարյանը, ով այժմ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն է, իսկ նրա՝ Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատավածում՝ մամլո խոսնակը, զբաղեցնում է ՀՀԿ ցուցակի 20-րդ հորիզոնականը:

«Ծառուկյան դաշինքի» ցուցակում ևս կան խոսնկաներ, մասնավորապես դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ցուցակի երկրորդ կին թեկնածուն է: Պատգամավոր Տիգրան Ուիիխանյանը, ով ԲՀԿ նախկին մամոլո խոսնակն է, ևս տեղ է գտել դաշինքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում տեղ են գտել կուսակցության նախկին և ներկայիս խոսնակները, Արթուր Միսակյանը զբաղեցնում է ցուցակի 8-րդ, իսկ Էդգար Առաքելյանը՝ 6-րդ հորիզոնականը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

«ԵԼՔ» դաշինքի ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով իր առաջադրվել է 4 ընտրատարածքում։

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախկին խոսնակ, ներկայումս կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը զբաղեցնում է համամասնական ցուցակի 6-րդ տեղը, իսկ ահա կուսակցության ներկայիս խոսնակ Սոնա Մինասյանը` 8-րդ տեղում է:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի 21-րդ հորիզոնակը զբաղեցնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: