«Բոլորը ցայտնոտի մեջ են». Ծառուկյանը՝ իր քաղաքականություն վերադարձի մասին (լուսանկարներ)


«Բոլորը ցայտնոտի մեջ են». Ծառուկյանը՝ իր քաղաքականություն վերադարձի մասին (լուսանկարներ)
Մարտ 24 14:19 2017

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Վեդի քաղաքում էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանին այստեղ դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով, նվերվերով: 

Մինչ ելույթը Գագիկ Ծառուկյանը հարգեց Վեդիից Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակը` ծաղիկներ դնելով նրա հուշաքարին: Ծաղիկներ դրվեցին նաև Վազգեն Սարգսյանի հուշաքարին:

Գագիկ Ծառուկյանը տեղի բնակիչներին ներկայացրեց դաշինքի համար առաջնահերթություն համարվող 15 կետերը՝ անդրադառնալով առողջապահությանը, թոշակների բարձրացմանը, օրեցօր աճող արտագաղթին:

Անդրադառնալով վարկային համակարգին, նա դիմեց Վեդիի բնակիչներին. «Ո՞վ ունի վարկ», ինչին ի պատասխան՝ բնակիչների միաձայն արտասանեցին. «մե՜նք»:

Գագիկ Ծառուկյանը ելույթի ժամանակ խոսելով առողջապահական համակարգի խնդիրների մասին, նշեց, որ Եղեգնաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի սրտառուչ տեսարանի է ականատես եղել: «Երեկ 85 տարեկան տատիկ է ինձ մոտեցել, ոտքը 2 տեղից կոտրվածքով, ամուսինը մահացել է, ընտանիքը դրսում է: Հիվանդանոց է գնացել, 100 հազար դրամից ավելի գումար են ուզել՝ պետպատվեր չկա, տատիկն էլ փոռ-փոշման հետ է եկել: Ինչպե՞ս կարող էի այդպես թողնել նրան, ո՞վ կթողներ՝ այդպես մնա. 85 տարեկան կինը, կարծում եմ՝ ցանկացած մարդու որ դիմեր, այդ գումարը կտար, չէր թողնի ցավերի մեջ մնար»,- հայտարերել է նա և հավելել,- «Ամբողջ ազգը հիվանդ է, որովհետև փող չունի բուժվելու համար»:

Նա նշեց նաև, որ յուրաքանչյուր մարզում անվճար սպասարկմամբ հիվանդանոցներ են գործելու, իսկ ներդրումները հնարավորություն կտան ավելացնել բուժաշխատողների աշխատավարձերը:

«Այսօր բոլորը ցայտնոտի մեջ են, ոչ ոք չէր պատկերացնում, որ Ծառուկյանը նորից գա քաղաքականություն, հավատն ու վստահությունը կվերականգնի, բայց ավելացել է այդ հավատն ու վստահությունը, ժողովուրդն ինձ անվերապահ հավատում է: Ես եկել եմ ոչ թե կորցնելու, այլ ավելի շատ անելու»,- ասել է Ծառուկյանը և դիմելով հավելել,-«Ում հավատում եք, նրան էլ ձայն տվեք և իմացե՛ք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան»:

Ելույթից անմիջապես հետո բնակիչները բազմաթիվ նամակներ հանձնեցին, ներկայացրին իրենց խնդիրները: Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ անձամբ կարդալ նամակները և ընդառաջել բոլորին:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին Վեդիում ուղեկցում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որն առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: