Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է լոնդոնյան ահաբեկչությունը


Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է լոնդոնյան ահաբեկչությունը
Մարտ 24 11:07 2017

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» («Мир») հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, ինչպես նաև՝ ահաբեկիչը։

«Ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Այդ պատճառով միշտ պետք է զգոն լինել: Պետք է անընդհատ միջոցներ ձեռնարկել: Ես հիանալի հասկանում եմ, որ և՛ Լոնդոնում, և՛ Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության համար, բայց ահաբեկչությունն իրականում հանցագործություն է, որն անհնար է կանխատեսել: Մի բան է, երբ կա տեսանելի թշնամի: Մեկ այլ բան, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնք բոլորովին այլ խնդիր ունեն: Դրա դեմ շատ դժվար է պայքարել»,- նշել է ՀՀ նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

«Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում:

Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, տասնյակ անձինք վիրավորվել են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո դանակով զինված փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն: