Նոր Գեղի գյուղում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը. կա զոհ


Նոր Գեղի գյուղում պայթյունից փլուզվել է թթվածնային կայանը. կա զոհ
Մարտ 24 10:38 2017

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին:
Թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: